Ավետիսյանների ընտանիքի սպանդի արդյունքում Գյուրիում առաջացած լարված իրավիճակը հանդարտեցնելու համար այսօր՝ հունվարի 19-ին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյումրեցիներին կոչ արեց չտրվել էմոցիաներին եւ քաղաքում շրջանառվող վարկածները հիմք չընդունել:

«Ես հույս ունեմ եւ կոչ եմ անում գյումրեցիներին չառաջնորդվել էմոցիաներով, քանի որ թե մեր իրավապահները, թե ռուս իրավապահները գործը բացահայտելու համար ամեն ինչ անում են: Էլ ավելի իրավիճակը սրել պետք չէ: Պետք չէ զոհ գնալ էմոցիաներին: Չի կարող մի ճիվաղի պատճառով սեպ խրել երկու երկրների միջեւ: Վարկածներին հավատալ պետք չէ, այլ պետք է թողնել հետաքննությունը պարզի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ բոլորի խնդիրը այս պահին պարզելն է, թե Ավետիսյանների ընտանիքը ինչու է սպանվել:

Շիրակի մարզպետի խոսքով, Գյումրիում հունվարի 15-ին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով վիրավորների թիվը հասել է 33-ի, որոնցից 23-ը ոստիկաններ են։

«Քրեական գործ պետք է անպայման լինի։ Այլ բան է, թե ինչ ընթացք կունենա, քանի որ կան տուժածներ։ Ես այսօր իմացա, որ տուժած ոստիկանների թիվը 5-ով ավելացել է, որոնք ստացել են ամբուլատոր բուժում եւ դուրս գրվել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ հիմա Գյումրիում համեմատաբար հանդարտ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: