Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հունվարի 20-ին նախատեսված «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումները չեն կայանա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա: Բժիշկները 7 օր պայքարում էին նրա կյանքի համար, որի ընթացքում նա երկու անգամ վիրահատության ենթարկվեց:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:




























