Քառորդ դար առաջ՝ 1990թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, Բաքու մտցվեց խորհրդային մեծ զորք: Ալիեւյան կլանի պետական քարոզչամեքենան այս օրվա հետ կապված այսպես կոչված «հունվարի 20-ի ողբերգության» միֆ է ստեղծել՝ լկտիաբար պնդելով, որ զորք մտցնելու հետեւանքով զոհվել էին Ադրբեջանի «անկախության եւ ազատության» մարտիկները:
Ոսկորների վրա թռչկոտում են արդեն 25 տարի…
Ադրբեջանում ոչ թե ընդունված չէ, այլ արգելված է 1990թ. հունվարի 19-ի երեկոյան զորք մտցնելու պատճառների մասին խոսելը: Քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի մասին, որոնց հետեւանքով սպանվել էին շուրջ 100 մարդ, հարյուրավորները՝ հաշմանդամ դարձել, չեն հիշատակում հեռուստատեսությունն ու ռադիոն, թերթերն ու լրատվական գործակալությունները:
Ջարդերը սկսել էին հունվարի 13-ի երեկոյան, ընդ որում՝ դրանց բացառապես ազգային բնույթը ընդունվել էր Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական հայտարարությամբ, որը տպագրվել էր հանրապետության գլխավոր՝ «Բաքվի բանվոր» թերթում, հունվարի 15-ին:
Բայց «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի ժառանգորդը՝ Իլհամ Ալիեւը, նման «մանրուքների» հավես չունի: Չէ որ իր իշխանության ամրապնդման համար հարկավոր է «հորինել» սեփական ժողովրդի պատմությունը եւ միջին վիճակագրական ադրբեջանցիների ուղեղները լցնել հրեշավոր ստերով, որոնք հերքվում են հենց ադրբեջանական աղբյուրների կողմից, ազնիվ եւ առաքինի ադրբեջանցիների վկայություններով:
Այսօր հունվարի 20-նն է. օր, երբ Բաքու զորք մտցնելու շնորհիվ հաջողվեց դադարեցնել ոչ միայն հայերի, այլեւ քրիստոնյա ողջ բնակչության կոտորածը, դուրս բերել մի քանի տասնյակ հազար հայերի, որոնց մտքով իսկ չէր անցնում, որ ստիպված կլինեն փախչել հայրենի քաղաքից: Ալիեւյան կլանի Ադրբեջանը հարգում է «շեհիդների ծառուղում» թաղված խռովարար մարդասպանների հիշատակը: Շարունակում են թռչկոտել ոսկորների վրա…




























