Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժայի մահվան բոթը լսելուց հետո մի շարք քաղաքացիներ այսօր՝ հունվարի 20-ին, «ՍԳՈ ՕՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ*» գրությամբ նկարներ են տեղադրել սոցիալական ցանցերի իրենց էջերում՝ մարդկանց հորդորելով հրաժարվել աշխատանքի գնալ եւ միանալ ժողովրդական սգո օրվան։

«Հունվարի 20-ին, առավոտյան ժամը 9-ից հայտարարվում է ժողովրդական սգո օր։ Եթե մեր իշխանություններն այդքան խիզախություն չունեն, դա դեռ չի նշանակում, որ մենք միասնական չենք մի ամբողջ հայ ընտանիքի կորուստը սգալու մեջ։ Ազատության հրապարակում ամբողջ օրվա ընթացքում մոմավառություն է լինելու։ Եթե կարող եք, բաց թողեք ձեր աշխատանքային օրը, և գտնվեք Ազատության հրապարակում։

Նախապես զգուշացնում ենք, որ քաղաքական լոզունգների ու պայքարի օր չէ դա։ Եթե ունեք այդ թեմաներով ասելիք, ընտրեք մեկ ուրիշ օր կամ վայր»,- ասված է ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: