Ներկայումս մեր խնդիրն է կրկին քաղաքական սպեկուլյացիաներ չսկսկել: Այդ մասին այսօր՝ հունվարի 20-ին, մամուլ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով Գյումրիի ողբերգությանը: Պատգամավորի խոսքով՝ նման իրադարձությունների ժամանակ սկսվում են քաղաքական սպեկուլյացիաներ, սադրանքներ:
Ավետիսյանը հավաստիացրել է, որ քաղաքական հավակնությունների եւ սադրանքների համար սուգն օգտագործելը հղի է մեծ վտանգներով: «Միայն թե մարդիկ կողքից չեն կարող պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ հանկարծ սադրիչների խումբ հավաքվի եւ հարձակվի ռազմաբազայի վրա, դա արյունահեղություն է», - ընդգծել է պատգամավորը:
Հարցին՝ ովքե՞ր են այդ սադրիչները, Սուքիաս Ավետիսյանը պատասխանել է. «Ես գիտեմ, թե ովքեր են նրանք, սակայն այժմ չեմ ցանկանում անուններ նշել, նրանք արժանի չեն դրան: Համապատասխան մարմինները գիտեն նրանց»: Պատգամավորը նշել է, որ աժմ Գյումրիում նորմալ իրավիճակ է, ոչ մի լարվածություն չկա: «Չեմ կարծում, որ հետագայում լարվածություն լինի: Մենք հանդիպել եւ զրուցել ենք նաեւ ռուսական կողմի հետ: Ռուս զինծառայողները իրենց շատ ազատ են զգում Գյումրիում, սակայն նրանք պետք է ավելի զուսպ լինեն», - հավելել է Սուքիաս Ավետիսյանը:




























