Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 20-ին, Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը մեկ րոպե լռությամբ հարգել է Սերյոժա Ավետիսյանի հիշատակը:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկանում ենք, թե Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը, եւ մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը: Նախագահ Սահակյանն ընդգծել է այս ծանր պահին հայության միասնության ու համախմբվածության անհրաժեշտությունը, ինչը ցանկացած փորձություն հաղթահարելու կարեւոր գրավականներից է:
Անդրադառնալով դատական համակարգի աշխատողի օրվան` Բակո Սահակյանը նշել է, որ կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները ժողովրդավարական պետության եւ քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից են` հավելելով, որ դատավորների անաչառ աշխատանքով, բարձր բարոյական ու մասնագիտական հատկանիշներով է նաեւ մեծապես պայմանավորված արդարության պաշտպանության, իշխանությունների հանդեպ բնակչության վստահությունը:




























