Վայքի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ից առաջադրված, «Վայք» Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արագած Հակոբի Սաղաթելյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Նրան քվեարկել է 1924 ընտրող, դեմ է քվեարկել 109 հոգի: Հատկանշական է, որ 5224 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 2105-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը 72 է:

Նշենք, որ Արագած Հակոբի Սաղաթելյանից բացի՝ ինքնառաջադրվել էր անկուսակցական, Հայ էլեկտրական ցանցերի «Արաքս» մասնաճյուղի Վայք ՀԷԿ-ի ավագ վարպետ Ալեքսան Հովհաննեսի Սիմոնյանը, ով այնուհետեւ ինքնաբացարկ էր հայտնել:

Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հարություն Սարգսյանը: Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց հետո Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: