Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից քաղաքացիները մոմեր, խաղալիքներ, ծաղիկներ են տանում Ազատության հրապարակ եւ մասնակցում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակի մոմավառությանը (ֆոտոռեպորտաժ)։

Օպերայի աստիճաններին 6 ամսական Սերյոժայի եւ նրա ավագ քրոջ՝ 2,8 տարեկան Հասմիկի լուսանկարն է, որոնք Գյումրիի անմարդկային սպանդի ամենափոքր զոհերն էին։

Օպերայի տարածքը մարդաշատ է, մարդիկ գալիս են ընտանիքներով, մանկահասակ երեխաների հետ, մոմեր վառում եւ արտասվելով հեռանում։ 

Նշենք, որ երեկվանից, երբ հայտնի դարձավ, որ 7-օրյա պայքարից հետո մահացել է փոքրիկ Սերյոժան, մոմավառություն է ընթանում նաեւ Գյումրիում՝ Ավետիսյանների տան մոտ։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: