Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից կհամալրվի բացառապես պայմանագրային զինծառայողներով, «Ինտերֆաքս»-ին հաղորդել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբը: «2016թ. գարնանը վերջին զորակոչիկները կլքեն Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան», - հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Գլխավոր շտաբի ներկայացուցիչը ընդգծել է, որ այդ որոշումն ընդունվել է դեռ անցած տարի եւ կապված չէ Գյումրիի ողբերգական իրադարձությունների հետ: Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ 2014թ. դեկտեմբերից Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազան հավաքագրվում է բացառապես պայմանագրային զինծառայողներով: Նրա խոսքով՝ օտարերկրյա ռուսական ռազմաբազաներ ուղարկված զինծառայողների բարոյահոգեբանական որակների ստուգումն իրականացվում է ռազմական շրջանների հավաքակետերում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, որից հետո 2010 թվականին ՌԴ nախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ժամանակ այն երկարաձգվել է եւս 49 տարով՝ 2044 թվականը։




























