Ռուսական կողմը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի ընդառաջ գնա հայ հանրային կարծիքին: Այս մասին հունվարի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջին:
Պատգամավորը չի կարծում, թե ողբերգությունն ազդել է հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ կողմերը ճիշտ գնահատական են տալիս կատարվածին: Եվ բոլորը միանշանակ կարծում են, որ մի վիժվածքի արարքը չպետք է ազդի երկու երկրների դարավոր հարաբերությունների վրա»,- նշել է Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է իրավական հարցերին, պատգամավորն ընդգծել է. «Խնդիրը հանցագործին մեր իրավապահ մարմիններին հանձնելն է: Այստեղ կա երկու գործ՝ դասալքության, որը ռուսական կողմի իրավազորության տակ է, եւ սպանության: Չի բացառվում, որ Պերմյակովի նկատմամբ դատական երկու որոշում կայացվի. Առաջինը՝ ռուսական օրենքներով, որպես դասալիք, եւ երկրորդը՝ ՀՀ դատական օրենսդրությամբ, որպես մարդասպան»: Բայց եթե նույնիսկ հանցագործին ցմահ ազատազրկում տան, հավելել է Սուքիաս Ավետիսյանը, դա նրան քիչ է: «Կարծում եմ՝ հնարավոր է միջոց գտնել եւ նրան հանձնել մեր իրավապահ մարմիններին», - նշել է պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա: Բժիշկները 7 օր պայքարում էին նրա կյանքի համար, այդ ընթացքում նա երկու անգամ վիրահատության ենթարկվեց:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում:




























