Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցին արդեն մի քանի ժամ է` մարդաշատ է: Գյումրեցիները սպասում են փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին:

Նախօրեին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած փոքրիկ Սերյոժայի մարմինը քիչ անց կտեղափոխվի եկեղեցի: Եկեղեցու բակում եւ մուտքի մոտ արդեն ծաղկեպսակներ են տեղադրվել: Տարածքը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Նշենք, որ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Շիրակի գերեզմանատանը, որտեղ արդեն հանգչում են Սերյոժայի ընտանիքի 6 անդամների մարմինները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: