Ռուսաստանի եւ Հայաստանի Քննչական կոմիտեների ղեկավարներ՝ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Աղվան Հովսեփյանը քիչ առաջ ժամանեցին ռուսական 102-րդ ռազմաբազա:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ռազմաբազայի առջեւ հավաքվել էին լրագրողներ, որոնք Բաստրիկինին հարցեր էին ուզում ուղղել, սակայն նրանց շարասյունը առանց կանգ առնելու մտավ ռազմաբազայի տարածք:
Մինչ քաղաք մտնելը Հովսեփյանը և Բաստրիկինը այցելեցին Շիրակի գերեզմանատուն, որտեղ ծաղկեպսակ դրեցին հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների գերեզմաններին:
Հիշեցնենք, որ քիչ անց Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի կտեղափոխվի 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի մարմինը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:
.jpg)
(1).jpg)




























