Վերջին շրջանում միջազգային կազմակերպություններն ակտիվորեն փորձում են Հայաստանում առաջ մղել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը՝ որպես բիզնեսի կառավարման արդյունավետ մոդել։ Սակայն հայկական բիզնես միջավայրում գաղափարն այնքան էլ միանշանակ չի ընդունվում։ Սկզբնապես գաղափարը փորձ էր արվում տարածել խոշոր բիզնեսի շրջանում։ «Մարկետինգի հայկական ասոցիացիան» ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանում անցկացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ հետազոտություն, որի արդյունքներն ամփոփված են «Փոքր եւ միջին ձեռնարկությունների դերը հասարակության զարգացման գործում» գրքում, ինչի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 13-ին:

«ՓՄՁ-ների շրջանակներում նման հետազոտություն իրականացնելու հիմնական դրդապատճառն այն էր, որ վերջին երկու տարվա ընթացքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարի զարգացումը եւ ներդրումը բավականին ակտիվ իրականացվում է հայաստանյան գրեթե բոլոր խոշոր ձեռնարկություններում, իսկ ՓՄՁ-ները բավականին պասիվ են այդ ոլորտում»,-գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց «Մարկետինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը` նշելով, որ վերոնշյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս հասկանալ ՓՄՁ-ների պասիվությունը եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն իրականացնելու գործում նրանց խանգարող  խոչընդոտները: 

Հետազոտությունում հասարակության զարգացման գործընթացում ՓՄՁ-ի դերակատարման ակտիվացման նպատակով ՓՄՁ-ներին առաջարկվում է կիրառել, օրինակ` ինովացիոն, ստեղծագործական մոտեցումներ` գործընթացի ծախսատարությունից խուսափելու նպատակով:

«Ինովացիոն մոտեցումներ ցուցաբերելու լավագույն փորձեր կան, օրինակ` ձեռնարկությունները ռեսուրսախնայողության փորձեր են իրականացնում, եւ այդ տնտեսված միջոցները ուղղվում են սոցիալական զարգացման ծրագրերին»,- ասաց հետազոտության ծրագրի ղեկավար Նարինե Մելիքյանը` նշելով, որ ռեսուրսների խնայողությունն իրականացվում է կառավարման նոր տեխնոլոգիաների, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նոր տեխնիկակական միջոցների շնորհիվ, ինչը լրացուցիչ ներդրումների կարիք չունի: