Բոլորս անձնավորված ենք ընդունել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի կորուստը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, փոքրիկի հոգեհանգստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Խորապես սգում եմ կատարվածը՝ ոչ միայն որպես ՀՀ քաղաքացի, այլեւ որպես մարդ: Մենք անձնավորված ենք ընդունել այս կորուստը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի լավագույն բժիշկներն այս 7 օրերին արել են հնարավոր ամեն ինչ, սակայն Սերյոժայի կյանքը փրկել չհաջողվեց:

Նշենք, որ Սերյոժային կհուղարկավորեն վաղը Շիրակի գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ընտանիքի մյուս վեց անդամների մարմինները։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: