«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, այնուհետեւ արդեն կալանավորված Վալերիկ Հովհաննիսյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը պետք է փոխվի, եւ նա իր բուժումը ստանա քաղաքացիական հիվանդանոցում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանն ընդգծեց, որ Վալերիկին մայրական խնամք է հարկավոր:
«Վալերիկին պահում են մեկուսարանում, մինչդեռ նրա նման հիվանդները պետք է հատուկ սնունդ ընդունեն, հատուկ բուժում ստանան քաղաքացիական հիվանդանոցում: Պաշտպանյալիս վիճակը երբեք ՔԿՀ-ում չի բարելավվի, նրան գոնե գրավի դիմաց պետք է ազատ արձակեին: Բայց դատավորն անում է այն, ինչ ինքն է ուզում»,- ասաց փաստաբանը:
Թեեւ Վալերիկի վիճակը կայուն չէ, նա հունվարի 22-ին կայանալիք նիստին անպայման ներկա կլինի, քանի որ ինչպես նշեց փաստաբանը, «ցանկանում է գործն արագ ավարտվի»:
Նշենք, որ Վալերիկ Հովհաննիսյանը պետք է 2014թ.-ի նոյեմբերին վիրահատվեր, սակայն լյարդի հետ կապված խնդիրներ էին առաջացել եւ վիրահատությունը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























