Մեզ հայտնի է դարձել, որ այսօր՝ 2015 թ. հունվարի 21-ին, ռեժիմի ցուցումով նրա ենթակայության տակ գտնվող արցախյան կեղծ կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները հայտարարություն են ընդունելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման՝ դեպի Արցախ նախատեսված հունվարի 31-ի իրազեկման ավտոերթը դատապարտելու վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Այս անհեթեթ երեւույթին առանձին կարեւորություն տալու կարիք չէր լինի, եթե այն չվերաբերեր մեր Հայրենիքի մասը կազմող Արցախը փակ ճամբարային տարածքի վերածելու եւ այնտեղ հայերի ու ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ Արցախն ազատագրած ազատամարտիկների, մուտքն անցանկալի համարելու ստոր գործին երիտասարդներին մասնակից դարձնելուն:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, փաստելով ազգային եւ մարդկային դիմագիծը կորցրած ռեժիմի այս հերթական արարքը, նրան եւ նրա ջրաղացին ջուր լցնող բոլոր ստահակներին հիշեցնում է, որ մեր երկրի տարածքում ազատ տեղաշարժը եւ քաղաքական իրավունքների իրացումը չեն կարող սահմանափակվել:
Միեւնույն ժամանակ՝ երիտասարդներին կոչ ենք անում գործիք չդառնալ այսօրվա նորկեւորկովյան ռեժիմի ձեռքին եւ հիշել, որ նրա հեռացումից հետո նորկեւորկովները ու նրանց կամակատարները պատասխան են տալու ժողովրդի եւ օրենքի առաջ»:




























