Երեսակման նպատակով Ռուսաստանից մաքսատուրքով չգանձվող ալմաստների գնման մասին պայմանագիրը պետք է մի փոքր ավելի ազատ լինի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է ալմաստի երեսակմամբ զբաղվող «Շողակն» ձեռնարկության գլխավոր տնօրեն Սերգեյ Գասպարյանը:

Նրա կարծիքով, հայ երեսակողները պետք է խելամտության սահմաններում քարերի վերարտահանման իրավունք ունենան: «Ես լիովին համաձայն եմ. ինքնանպատակ վերավաճառքը պետք է արգելել: Դա մեզ էլ ձեռնտու չէ. չէ՞ որ մենք ցանկանում են մեր երկրում ենթակառուցվածք եւ աշխատատեղեր ստեղծել», - հավելել է Գասպարյանը:

Ինչ վերաբերում է խելամտության սահմանին, ապա խոսքը ոչ արդյունավետ քարերի  եւ երեսակման ժամանակ մեծ կորուստների (ընդհուպ մինչեւ 80% եւ ավելի) մասին է: «Քարերը մենք հատ-հատ չենք գնում, դրանք ձեռք ենք բերում պատրաստի լոտերով: Իսկ դրանցում ամեն տեսակի քար կա», - հավելել է Գասպարյանը:

Վերահսկողության շարժառիթները վերահսկելը շատ հեշտ է, հավելել է Գասպարյանը, բավական է ստուգել, թե ինչով է զբաղվում ընկերությունը, իսկ այդ ոլորտում բոլորը միմյանց գիտեն:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետությանը բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների ոլորտում մատակարարումների գործակցության մասին» համաձայնությամբ 2013թ. դեկտեմբերի 2-ից Հայաստանը իրավունք է ստացել երեսակման նպատակով չմշակված ալմաստները ՌԴ-ից ներմուծել առանց ռուսական արտահանման 6,5%-անոց մաքսատուրքի: