Անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքով «Խոշտանգում» հանցակազմը համապատասխանեցնել Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հաղորդագրությունում ասվում է.
« Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավաբանների կողմից բազմիցս է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքով «Խոշտանգում» հանցակազմի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային անհամապատասխանության և օրենսդրական փոփոխությունների և լրացումների անհրաժեշտության խնդիրը:
Այս խնդրի վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել է նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Իսկ ս.թ. սեպտեմբերին «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման մասին վերլուծության եւ ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն ներկայացված Տեղեկանքի շրջանակներում նաեւ արձանագրվել է այս խնդրի լուծման անհրաժեշտությունը, որպես վճռի ամբողջական կատարման անհրաժեշտ պայման եւ ՀՀ-ում խոշտանգումների դեմ պայքարի քաղաքականության կարեւորագույն տարր:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից վերոնշյալ տեղեկանքի վերաբերյալ ներկայացված պատասխանի մեջ նշվել էր, որ արդեն իսկ մշակվել էր Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով հիմնովին կփոխվեր խոշտանգման հանցակազմը սահմանող հոդվածը` ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածին համապատասխանեցնելու նպատակով:
Հաշվի առնելով, որ նշված օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության կայքի «Իրավական ակտերի նախագծեր» բաժնում կամ այլ աղբյուրներում գտնելու բոլոր ջանքերը ապարդյուն էին, նախագիծը ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցումով դիմեց ՀՀ Արդարադատության նախարարություն:
Ի պատասխան տեղեկատվության հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ վերոնշյալ օրենքի նախագծի` շահագրգիռ մարմինների հետ քննարկման արդյունքում լրամշակված տարբերակն ուղարկվել է ՀՀ կառավարության հաստատմանը:
Կարեւորելով ոչ միայն շահագրգիռ մարմինների, այլ նաեւ շահագրգիռ անձանց եւ կազմակերպությունների մասնակցությունը օրենսդրական փոփոխությունների եւ լրացումների մշակման ընթացքում, որպես ժողովրդավարության կարեւոր տարր, գտնում ենք որ նախագիծը անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հանրային քննարկման, ինչպես նաեւ ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրված օրենքի նախագիծը:




























