Խոսվում է Վալերի Պերմյակովի կողմից իրագործված երկու հանցագործությունների մասին, սակայն իրականում նա 3 հանցագործություն է իրագործել. փորձել է նաեւ խախտել Հայաստանի պետական սահմանը: Այդ մասին այսօր՝ հունվարի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Պերմյակովի կողմից իրագործված հանցագործությունները հետեւյալն են. դասալքություն, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրագործված հանցագործություն եւ Հայաստանի պետական սահմանի խախտում: «1992թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրի 5-րդ կետով այդ գործերը հետաքննվում են՝ համաձայն Հայաստանի օրենսդրության: Հետեւապես, հստակ է, որ նա պետք է փոխանցվեր հայկական կողմին», - նշել է Մինասյանը՝ հավելելով, որ Հայաստանն ուներ մեր երկրում հետաքննության անցկացումը պահանջելու իրավական հիմքեր: Քաղաքագետի խոսքով՝ խոցելի էր այն հիմնավորումը, որ Ռուսաստանն իր քաղաքացիներին չի հանձնում այլ երկրներին: «Դա այդպես է, եթե Ռուսաստանի քաղաքացիները գտնվում է Ռուսաստանի իրավասության տակ: Հայաստանում տեղակայված ռազմական բազան Ռուսաստանի տարածք չէ», - հավաստիացրել է Սերգեյ Մինասյանը՝ հստակեցնելով, որ այդ սկզբունքը կարող էր գործել միայն ռուսական դեսպանատան եւ հյուպատոսության դեպքում:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է: Հանցագործության մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:




























