Հայկական Գյումրի քաղաքի ողբերգությունը սարսափելի հանցագործություն է, Մոսկվան խորապես ցավակցում է: Այս մասին 2014թ. ՌԴ դիվանագիտական գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Նախ ցանկանում եմ եւս մեկ անգամ փոխանցել մեր խորին ցավակցությունները այդ սարսափելի հանցագործության հետ կապված, որը կատարվել է Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ: Միանգամայն անմեղ մարդկանց կորուստ», -նախարարի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Լավրովը հիշեցրել է, որ նախօրեին զանգահարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի ցավակցություններ հայտնի վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որի կյանքի համար մի քանի օր պայքարում էին բժիշկները:

Հիշեցնենք, հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հունվարի 19-ին փոքրիկը նույնպես մահացել է:

Սպանության գործով մեղադրյալը ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որը հունվարի 15-ին դարձավ 19 տարեկան: Ռուսական կողմը նրան նաեւ դասալքության մեղադրանք է ներկայացրել: ՌԴ եւ ՀՀ քննչական մարմինները Պերմյակովի նկատմամբ քրեական գործեր են հարուցել: