Գյումրիի ողբերգության համար մեղադրվող Պերմյակովի դատը կլինի առավելագույն բաց, ու կկայացվի համարժեք դատավճիռ: Այդ մասին 2014թ. ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հաստատում ենք, որ դատավարությունն անցկացվելու է Հայաստանի տարածքում: Այն կլինի առավելագույն բաց, համատեղ: Ես վստահ եմ, որ դատարանն արագորեն կկայացնի կատարված սարսափելի հանցագործության համար օբյեկտիվ ու համարժեք վճիռ», - ասել է նա:
Հիշեցնենք, հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հունվարի 19-ին փոքրիկը նույնպես մահացել է:
Սպանության գործով մեղադրյալը ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որը հունվարի 15-ին դարձավ 19 տարեկան: Ռուսական կողմը նրան նաեւ դասալքության մեղադրանք է ներկայացրել: ՌԴ եւ ՀՀ քննչական մարմինները Պերմյակովի նկատմամբ քրեական գործեր են հարուցել:




























