Հայկական Գյումրի քաղաքում  կատարված ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը անթույլատրելի են: Այս մասին 2014թ. ՌԴ դիվանագիտական գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք տեսնում ենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր: Դրանք Հայաստանի կամ Ռուսաստանի ղեկավարության կողմից չեն ձեռնարկվում: Քիչ չեն նրանք, ովքեր ցանկանում են ողբերգությունն օգտագործել աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու համար: Սա զզվելի է, սա անթույլատրելի է, սա անպատվաբեր է հպարտ հայ ժողովրդի համար», — ասել է նախարարը:

«Մենք ամեն ինչ կանենք, որ այս հանցագործությունը անպատիժ չմնա, որպեսզի մեղավորը ամենախիստ պատիժը կրի, եւ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նման բան այսուհետ տեղի չունենա», — Լավրովի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Նա հավելել է, որ ռուս-հայկական հարաբերություններն այս իրավիճակում չեն տուժի:

Հիշեցնենք, հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հունվարի 19-ին փոքրիկը նույնպես մահացել է:

Սպանության գործով մեղադրյալը ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որը հունվարի 15-ին դարձավ 19 տարեկան: Ռուսական կողմը նրան նաեւ դասալքության մեղադրանք է ներկայացրել: ՌԴ եւ ՀՀ քննչական մարմինները Պերմյակովի նկատմամբ քրեական գործեր են հարուցել: