ԲՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Գյումրիի ողբերգության հենց առաջին օրը պետք է պաշտոնապես սուգ հայտարարվեր: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, NEWS.am-ին ասաց Նաիրա Զոհրաբյանը, որը մասնակցում էր Սբ. Նշան եկեղեցում Ավետիսյանների ամենակրտսեր անդամի՝ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանը:

«Պետք է հենց առաջին օրը սուգ հայտարարվեր եւ խոնարհվեին Հայաստանի Հանրապետության բոլոր դրոշները: Ինձ համար հասկանալի չէ տարբեր պաշտոնյաների անհասկանալի հայտարարությունները, թե Հայաստանում սգո օրեր հայտարարելու ավանդույթ չկա, դա անլուրջ է, Հայաստանում բազմաթիվ անգամ սգո օրեր են հայտարարվել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ պատգամավորի խոսքով, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության վիշտը այնքան խորն է, որ ոչ մի բառ չի կարող սփոփել հարազատներին:

«Ես չեմ կարող մխիթարանքի խոսքեր գտնել: Սա այն դեպքն է, որ ոչ մի մխիթարանքի խոսք ի զօրու չէ սփոփել վիշտը, պիտի փորձենք այս վիշտը մեր մեջ պահելով շարունակենք ապրել, ես հիմա բառ չեմ կարող գտնել, որը կսփոփի հարազատներին, ինչպես որ չեմ կարողանում գտնել այն բառը, որը կսփոփեր ինձ 40 օր առաջ, երբ ես կորցրի իմ ամենասիրելի, ամենահարազատ մարդուն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ «գազանը» դատապարտվի ՀՀ օրենքներով:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: