Գյումրիում ընտանիքի սպանության գործով որոշումը, բնականաբար, ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարության վրա է հիմնված: Այս մասին հունվարի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ հակված չէ մտածելու ինչ-որ երրորդ կողմի մասնակցության մասին:
Նա հստակեցրել է, որ որոշումը հետեւյալն է. գործի հետաքննությունը կանցնի Հայաստանում, բայց հանցագործը չի փոխանցվի հայ իրավապահներին, հետաքննությունը կտարվի ռուսական ռազմաբազայի տարածքում:
«Այնպիսի տպավորություն է, որ դա տեղի է ունեցել ոչ թե իրատեսական նկատառումներից, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Իսկ այդ նպատակահարմարությունը կապված է ռուսական 102-րդ ռազմաբազայի քաղաքական, աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական նշանակության հետ»,- նշել է Մինասյանը:
Ըստ նրա՝ հասկանալի է, որ Հայաստանում ռազմաբազայի ներկայությունը ռազմավարական բազմաշերտ կոնստրուկցիայի մաս է:
«Այս հարցում Հայաստանն ունի՞ այլընտրանք Ռուսաստանին: Կարծում եմ՝ այս պահին եւ տեսանելի ապագայում առավել բարենպաստ ռազմաքաղաքական հարաբերությունների հնարավորություն չկա: Ցավոք, Հայաստանում ռազմաբազա տեղակայել ցանկացող երրորդ կողմ չկա: Իսկ ՆԱՏՕ-ի դեպքում պետք է հասկանանք, որ այդ կազմակերպության անդամ է Թուրքիան. Երկիր, որը մեր անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից է», - ամփոփել է քաղաքագետը:
Հիշեցնենք, Գյումրիում զանգվածային սպանության գործով քրեական երկու գործ է հարուցվել: Ռուսական կողմը հանցագործին սպանության եւ դասալքության մեղադրանք է ներկայացրել: Սպանության գործ է հարուցվել նաեւ Հայաստանի Քննչական կոմիտեում:



























