Change.org-ում ստորագրահավաք է սկսվել, որի մասնակիցները պահանջում են Գյումրիում Ավետիսյանների սպանության գործի քննությունն անցկացնել Հայաստանի իրավապահներին կողմից:

Պահանջ-հանձնագիրն այս պահին ստորագրել են ավելի քան 6800 քաղաքացիներ:

Հանձնագրում, մասնավորապես, ասվում է.

«Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորը, ով 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտնիքի 6 անդամների սպանության մեջ գլխավոր մեղադրյալն է, պետք է հանձնվի Հայաստանի արդարադատությանը:

Հայաստանի նախագահից և պատասխանատու իրավապահ մարմիններից պահանջում ենք, որ այս ողբերգական իրողության քննությունը իրականացվի ՀՀ արդարադատության կողմից, քանզի ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրի չորրորդ հոդվածում ասված է, որ եթե հանցանքը կատարվել է ռազմաբազայից դուրս ռազմաբազայի ներկայացուցչի կողմից ՀՀ տարածքում, ապա գործի քննությունն անց է կացվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից։

Պահանջում ենք, որ 2015թ.-ի Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ գլխավոր կասկածյալ, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործի քննությունն իրականացնի ՀՀ արդարադատությունը»:

Նշենք, որ պահանջ-հանձնագիրն ուղղված է ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին եւ պաշտպանության նախարարին: