Հայ սպառողները հայրենական գարեջրագործներին կօգնեն մրցակցել ռուսական հայտնի բրենդների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արմեն Հայրյանը:

Ի պատասխան հարցին՝ կարող են ռուսական խոշոր ընկերությունները «նեղել» տեղի արտադրողներին (քանի որ ԵՏՄ-ում մրցակցության հավասար պայմաններ կլինեն բոլոր չորս երկրների համար), Հայրյանը նշեց. «Գարեջրի սիրահարները, որպես կանոն, պահպանողական են, դժվարությամբ են փոխում իրենց դուր եկող գարեջուրը: Կարծում եմ՝ դա մես կօգնի», - հավելեց նա:

Մյուս կողմից, եթե հայկական շուկայում հեշտանա ռուսաստանցի եւ բելառուսցի գարեջրագործների աշխատանքը, նույնը կլինի հայ արտադրողների համար՝ նրանց շուկաներում. հնարավորություններ են բացվում ՌԴ արտահանումը մեծացնելու համար, հավելել է Հայրյանը:  «Հուսով եմ, որ 2015 թ.  տեղական եւ արտասահմանյան արտադրողների նկատմամբ մոտեցումներն այնտեղ կհավասարվեն», - հավելել է նա:

Նշենք, որ 2014 թ. առաջին 3 եռամսյակում Հայաստանը արտահանել է 1 մլն 522 հազար լիտր գարեջուր, որից  94% - ը՝ Ռուսաստան: