Ժողովուրդը քայլեր ձեռնարկեց, որ Գյումրիի ողբերգությունը անտերության դաշտում չմնա: Այս մասին այսօր՝ հունվարի 1-ին, NEWS.am-ին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որը մասնակցում էր Սբ. Նշան եկեղեցում Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը:
«Ժողովուրդն իսկապես կարողացավ քայլեր իրականացնել, իսկ թե իշխանությունն ինչպես կձեւակերպի ժողովրդի այս պահանջը, առաջիկայում կերեւա»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Ըստ Ռուբեն Հակոբյանի, անհրաժեշտ էր ողբերգության հենց առաջին օրերին պաշտոնապես սուգ հայտարարել:
«Համազգային սուգ է իսկապես, ըստ էության ազգն այս սուգը տարավ, այլ հարց է, որ նրանք, ովքեր պետք է հայտարարեին սուգ ՝ համազգային սուգ չհայտարարեցին, պետականորեն տեր չկանգնվեց այս ողբերգությանը: Եթե այսօր կան որոշակի արձագանքներ, նրանից է, որ ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը պոռթկում է, որ համազգային սուգ է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























