Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության բացահայտման համար կարեւոր է, որ նախաքննությունը վարեն ՀՀ քննչական մարմինները, որպեսզի հայ հասարակությունը կարողանա վերահսկել դրա ընթացքը: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը ներկա էր Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը:
«Քրեական գործի նախաքննական ընթացքին հետեւելու հնարավորություն հայկական կողմը չունի, քանի որ գործը գտնվում է ռուսական մարմինների վարույթում: Ես կարծում եմ, որ ճշմարտության բացահայտման գործում կարեւոր է, որ նախաքննությունը վարեն Հայաստանի քննչական մարմինները: Այդ կերպ Հայաստանի հանրությունը, լրագրողները, պատգամավորները կօգտվեն օրենքով սահմանված հնարավորություններից՝ նախաքննության ընթացքին հետեւելու, տեղեկանալու, վերահսկելու դրա օրինականությունը: Երբ գործը գտնվում է ռուսական մարմինների վարույթում, մենք փաստացի այդ հնարավորությունից զրկված ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ հայ հանրության համար կարեւոր է ոչ միայն տեսնելը, որ հանցագործը դատապարտվել է, այլեւ հանցագործության դրդապատճառին եւ հանգամանքներին ծանոթանալը:
«Շատ կարեոր է որ մեզ պարզ լինեն բոլոր փորձաքննությունների արդյունքները, մեզ համար պետք է մութ կետ չմնա: Մենք պետք է համոզված լինենք, որ բացահայտել ենք ճշմարտությունը: Այնպես չի, որ մենք այսօր գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, եւ ինչու է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























