Շվեյցարիայի Բազելում գործողության ընթացքում ոստիկանները գողացված անտիկ իրերի մի ամբողջ խմբաքանակ են հայտնաբերել՝ 45 մլն եվրո արժեքով: Արժեքավոր իրերը գտնվել էին ավելի վաղ՝ Իտալիայի տարածքում հնագիտական պեղումների ժամանակ:
Անտիկ իրերը հայտնաբերվել են արվեստի գործերի վաճառքով զբաղվող Ջանֆրանկո Բեչինայի, որը նաեւ պատկերասրահ ունի Շվեյցարիայում, եւ նրա կնոջ նկատմամբ հետաքննության ընթացքում, հայտնում է polit.ru-ն՝ վկայակոչելով AFP-ն:
Քննչական գործողությունների արդյունքում իրավապահները Իտալիայում եւ Շվեյցարիայում արվեստի գործերի մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր ցանց են բացահայտել: Բազելում կատարված խուզարկությունների ընթացքում ավելի քան 5.3 հազար անտիկ իր է հայտնաբերվել:
Արժեքավոր իրերը Շվեյցարիա էին ուղարկվել վերականգնման նպատակով, ինչից հետո պետք է կեղծ փաստաթղթերով վաճառվեին Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Ավստրալիայում:
Իտալիայի իշխամությունները ձերբակալել են Բեչինային, նրա կնոջը կալանավորել են Շվեյցարիայում:


























