Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած` Գյումրիում սպանված ընտանիքի ամենակրտսեր անդամի` 6-ամսյա Սերյոժայի համար բացված հաշվեհամարը կասեցվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրիի քաղաքապետարանից:

«Հաշվեհամար բացելու պայմանագիրը եռակողմ է եղել եւ ցանկացած որոշում կայացվել է երեք կողմերի քննարկման արդյունքում: Հաշվեհամարին առաջին փոխանցումը, ինչպես եւ խոստացել էր, կատարել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը` փոխանցելով իր մի քանի ամսվա աշխատավարձը: Բանկից տեղեկացել ենք, որ մի քանի փոքր փոխանցում էլ է եղել: Կարծում ենք, որ երեխայի մահվան լուրը լսելուց հետո մարդիկ դադարել են գումար փոխանցել: Թե ինչ կլինի հավաքված գումարի հետ, այս պահին դեռ չի քննարկվել»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը:

Նա հայտնեց, որ հավաքված գումարի հարցն առաջիկայում քաղաքապետը քննարկում է Ավետիսյանների հարազատների հետ:

Նշենք, որ հաշվեհամարը բացվել էր հունվարի 19-ի առավոտյան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը: