Բրիտանացի իրավաբանները սոցցանցերը՝ մասնավորապես Facebook-ը, համարում են  ամուսնալուծությունների հիմնական պատճառներից երրորդը իր նշանակությամբ: Հենց Facebook-ի միջոցով են ամուսինները ամենից հաճախ իմանում իրենց երկրորդ կեսի դավաճանությունների մասին:

Lake Legal ընկերության մասնագետները վերլուծել են ամուսնալուծությունների պատճառները եւ եզրակացրել, որ  Facebook-ի ազդեցությունն ընտանեկան կյանքի վրա պետք չէ թերագնահատել: Գոնե այն բանի համար, որ սոցցանցը հնարավորություն է տալիս վերականգնել կապը նախկին սիրելիների հետ, որոնց հետ տարիներով շփում չեն ունեցել, հայտնում է vesti-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Ընկերության ներկայացուցիչ Լին Էյրթոնը նշել է, որ սոցցանցերում  մարդիկ երբեմն պատմում են իրենց կյանքի այնպիսի մանրամասներ, որոնք հետագայում կարելի է օգտագործել դատարանում: Եվ կանանց կամ ամուսինների անհավատարմությունը բացահայտած քաղաքացիները ՝որպես ամուսնալուծության փաստարկ, վկայակոչում են հենց համացանցի տվյալները:

Մասնագետներն ուսումնասիրել են 200 ամուսնալուծություններ եւ պարզել, որ մոտավորապես մեկ երրորդի դեպքում իրավաբանները օգտագործել են ամուսիններից մեկի կողմից Facebook-ում տեղադրած տվյալները:

Stowe Family Law իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Ջուլիան Հոուքհեդը նշել է, որ  պետք է զգուշանալ ոչ միայն սոցցանցերից.  Google-ի որոնողական հարցումներն էլ բավական շատ բան կարող են պատմել այս կամ այն օգտատիրոջ կյանքի մասին: