Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը Հայաստան է գալիս եւ մտադիր է այցելել Գյումրի, որտեղ, քննության վարկածի համաձայն, ռուս ժամկետային զինծառայողը  սպանել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Ըստ նրա՝ պատվիրակության կազմում կընդգրկվեն իր առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւը, պատգամավորներ Իրինա Ռոդնինան, Բորիս Ռեզնիկը:

«Մեր նպատակը շատ պարզ է՝ մենք պսակներ կդնենք զոհերի գերեզմաններին, կհանդիպենք  Գյումրիի բնակիչների հետ, անձամբ կցավակցենք, ներողություն կխնդրենք այն ողբերգության համար, որը մեր ստահակ հայրենակիցը պատճառեց հայ ժողովրդին: Հանդիպումներ կանցկացնենք, կպարզաբանենք մեր դիրքորոշումը, այն շատ պարզ է. հանցագործը պետք է ամենադաժան պատիժը կրի», - ասել է Ռեզնիկը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ նախատեսվում են հանդիպումներ նաեւ ՀՀ խորհրդարանում, այնուհետեւ հանդիպում կլինի Գյումրիի ղեկավարության հետ:

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հունվարի 19-ին փոքրիկը նույնպես մահացել էր:

Սպանության գործով մեղադրյալը ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է: Ռուսական կողմը քրգործ է հարուցել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով: «Սպանության» գործ է հարուցվել նաեւ ՀՀ ՔԿ-ում: