Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալան, որի 90-ամյակը լրացել էր անցյալ տարի: Երկրի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ գահը զբաղեցրել է  թագաժառանգ Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդ արքայազնը: Նա  առաջին միապետ Աբդել Ազիզի 25-րդ որդին է՝ Հասի աս-Սուդաիրի արքայադուստերից: Գահաժառանգի տիտղոսն այժմ ստացել է արքայազն Մակրինը: 

Պաշտոնական հայտարարությունից առաջ պետհեռուստատեսությունը դադարեցրել է հաղորդումների հեռարձակումը եւ սկսել Ղուրանի սուրահներ ընթերցել, որը սովորաբար նշանակում է թագավորական ընտանիքի ավագ անդամների մահը:

Թագավորը դեկտեմբերի 31-ին տեղափոխվել էր Էր-Ռիյադի հիվանդանոցներից մեկը, ուր բուժվում էր: Ամսվա սկզբում հայտարարել էին, որ թագավորը թոքերի վարակ ունի:

Աբդալա թագավորը վեցերորդ միապետն էր: Նա նաեւ  առաջին թագավոր Աբդել Ազիզի որդին էր: Աբդալան գահին էր բազմել 2005 թ. օգոստոսի 1-ին՝ իր եղբայր թագավոր Ֆահդի մահվանից հետո:

ԱՄՆ-ի, Ֆրանիսայի, Եգիպտոսի եւ միջազգային կազմակերպությունների նախագահները ցավակցել են Սաուդյան Արաբիայի ժողովրդին եւ ղեկավարությանը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին նույնիսկ ընդհատել է իր մասնակցությունը Դավոսի համաժողովում եւ ուղեւորվել թաավորություն:
Ցավակցություն է հայտնել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
Իր ցավակցություններն է հայտնել նաեւ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին: