«Իսլամական պետություն» կազմակերպությունը նոր հայտարարություն է հրապարակել, որում սպառնալիքներ են պարունակվում ճապոնացի երկու պատանդների հասցեին: Դրանք իրականացվելու են վերջնագրի ժամկետը լրանալուց հետո:

«Ճապոնիայի վարչապետը շարունակում է խաբել: Ճապոնիայի ժողովուրդը ոչինչ չարեց: Նա չի խղճում ճապոնացի երկու պատանդներին: Մենք կանենք այն, ինչ խոստացել էինք», — ասված է հայտարարությունում:

Հայտարարությունը զետեղվել է նույն կայքում, որում ավելի վաղ հայտնվել էր գրոհայինների առեւանգած երկու ճապոնացիների մասնակցությամբ տեսանյութը: Ծայրահեղականների նոր հայտարարության պատճառը վերջնագրի ժամկետը լրանալն է: Նոր տեսագրությունում հետհաշվարկ է ընթանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունվարի 20-ին ցանցում հայտնվել էր տեսագրություն, որտեղ ԻՊ գրոհայինները Ճապոնիայից 200 մլն դոլարի փրկագին էին պահանջում ճապոնացի 2 պատանդների՝ լրագրող Կենձի Գոտոյի եւ գործարար Հարունա Յուկավայի համար:

Ճապոնիայի վարչապետը նախօրեին հայտարարել էր, որ Ճապոնիան ահաբեկիչներին  փրկագին չի վճարի: