Հունվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը եւ հետ շրտել ելման դիրքեր:
Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:
Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82մմ ականանետերից եւ տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին օրերին հակառակորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը, ավելին՝ ձեռնարկում դիվերսիաներ, որոնք հաջողությամբ կանխվում են ԶՈՒ-երի կողմից: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկված դիվերսիոն փորձերի եւ մյուս գործողությունների արդյունքում հակառակորդը ունեցել է մոտ 5-6 զոհ, նրանցից 2-ը միայն պայթել են ականի վրա:



























