Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներից մեկի անունը հայտնի է:
Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նա շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանն է:
«Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում են հակառակորդի հետ մարտում վիրավորված շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի կյանքը փրկելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակը:
Բերդի զինվորական հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը NEWS.am-ին հայտնեց, որ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին նա տեղափոխման ենթակա չէ։
Նշենք, որ վիրավորված զինծառայողներից մեկին այս պահին վիրահատում են:
Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Հունվարի 23-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»:




























