Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը Դավոսի ֆորումում հայտարարել է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամը կլինի տեւական եւ ավելի ծանր, քան 2008-2009թթ. իրավիճակը:

Նա նշել է, որ ներկայիս ճգնաժամը միայն թվում է, որ թեթեւ է 2008-2009 թվականներից: «Սա միայն թվացյալ թեթեւություն է: Իրականում կարծում եմ, որ մենք առավել տեւական եւ բարդ ճգնաժամ թեւակոխելու վիճակում ենք», – հայտարարել է Շուվալովը Դավոսում՝ Ռուսաստանի իրավիճակին նվիրված նիստում:

Փոխվարչապետը տնտեսական իրավիճակը «շատ բարդ» է անվանել եւ չի բացառել, որ  այն էլ ավելի կվատանա, ինչին պետք է  պատրաստ լինեն ոչ միայն իշխանությունները, այլեւ բիզնեսը եւ հասարակությունը:

« 2015 թ. հակաճգնաժամային ծրագրով պետք է հաշվարկել այնպես, որ օգնի կողմնորոշվել «կոշտ վայրէջքի» ժամանակ: Տնտեսությունը կոշտ վայրէջք է կատարում: Պետք է բոլորը սովորեն ապրել նոր պայմաններում ՝ սկսած շարքային քաղաքացիներից մինչեւ խոշոր ձեռնարկություններ եւ դաշնային կառավարություն», – պարզաբանել է Շուվալովը:

Նա հատկանշել է բարեփոխումների անցկացման  կարեւորությունը, որոնց անհրաժեշտության մասին խոսվում է արդեն երկար տարիներ, սակայն այդպես էլ չեն իրականացվում: Նաեւ այն պատճառով, որ շնորհիվ արտահանման բարձր եկամուտների՝ նման բարեփոխումների խիստ պահանջ չի եղել: