Ահաբեկիչ Ամեդի Կուլիբալին, ով զինված հարձակում էր գործել Փարիզում հրեական սուպերմարկետի վրա, գաղտնի թաղվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի մերձակայքում:

Ահաբեկիչը թաղվել է Thiais գերեզմանատան մահմեդական հատվածում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Ֆրանսիայի իշխանությունները ստիպված են եղել իրենք թաղել ահաբեկչին՝ Մալիի իշխանությունների կողմից նրա մարմինն ընդունելու մերժումից հետո: Մալիի իշխանությունների մերժման պատճառները չեն նշվում:

Կուլիբալին Փարիզի սուպերմարկետի վրա հարձակվել էր հունվարի 9-ին: Նա շուրջ 20 պատանդ էր վերցրել եւ սպանել նրանցից 4-ին: Տղամարդը ոստիկանությունից պահանջել էր դադարեցնել Սայիդ եւ Շերիֆ Կուաշի եղբայրների հետապնդումը, որոնք մեղադրվում են Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման մեջ:  Սուպերմարկետի գրոհի ընթացքում Կուլիբալին սպանվել էր: Դրա նախօրեին նա Փարիզի արվարձանում սպանել էր ոստիկանության աշխատակցուհու: