ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, հունվարի 22-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Դեսպան Սարգսյանն ու կոնգրեսական Շիֆն անդրադարձան ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգի հարցերի: Դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց կոնգրեսական Շիֆի անձնական դերակատարությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերն ԱՄՆ քաղաքական օրակարգում մշտապես բարձր պահելու ուղղությամբ: Իր հերթին կոնգրեսական Շիֆը վերահաստատեց իր հանձնառությունը:
Կողմերը քննարկեցին տարածաշրջանում առկա իրավիճակը, մասնավորապես, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայքով լարվածության աճին: Այս համատեքստում կոնգրեսական Շիֆն ընդգծեց տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ ջանքերի գործադրման առաջնահերթությունը: Դեսպան Սարգսյանի խոսքերով` այդ հարցում առանցքային նշանակություն ունի ԱՄՆ եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ակտիվ դերակատարությունը եւ դիրքորոշումը:
Հանդիպմանը կարեւորվեց ամերիկյան ներդրումների ներգրավման հարցը` շեշտելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի դրական փորձը, համագործակցությունը Սիլիկոնյան հովտի ձեռնարկությունների եւ ներդնողների հետ։ Կոնգրեսմենը նշեց Արմթեքի անցկացման կարեւորությունը` հիշելով, որ առաջին հանդիպումը զրուցակիցների միջեւ տեղի է ունեցել հենց այդ կոնֆերանսի ընթացքում, որին նա մասնակցում էր` իբրեւ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների աջակից։
Կոնգրեսական Շիֆի խնդրանքով ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, դրա շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին եւ ԵՏՄ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարներին:
Դեսպան Սարգսյանը ներկայացրեց նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները` կարեւորելով ԱՄՆ կոնգրեսականների մասնակցությունը Հայաստանում եւ Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:




























