Իրենց աշխատավարձերը պահանջող նաիրիտցիները, որոնք երեկվանից սկսել են ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել նախագահական նստավայրի առջեւ, այսօր՝ հունվարի 23-ին, նախորդ օրվա համեմատ սակավաթիվ էին։
NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» ՓԲԸ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը դա բացատրեց նրանով, որ մարդիկ հիասթափված են եւ գուցե անիմաստ են համարում բողոքի ակցիաները։
«Ամենօրյա հավաքները կօգնեն հարցի լուծմանը, եթե աշխատանքից ազատվածները եւ աշխատանքի կարիք ունեցողները ամեն օր հավաքվեն։ Օրինակ, երեկվա համեմատ, այսօր հավաքվել է շատ ավելի քիչ մարդ՝գրեթե կիսով քիչ, եւ գնալով կպակասեն, եթե կոնկրետ միջոցներ չձեռնարկվեն եւ մարդիկ չհասկանան, որ իրենք պետք է գան եւ շարունակեն։ Գուցե հիսթափված են, գուցե հասկանում են, որ իրենք ոչինչի չեն կարող այսպես հասնել, գուցե իրենց ղեկավարներն են այդպես որոշում, իրենք էլ ենթարկվում են»,- ասաց Անուշ Հարությունյանը։
Նաիրիտցիները կրկին նախագահական նստավայրի մոտ կհավաքվեն հունվարի 27-ին։ Երեքօրյա դադարը Անուշ Հարությունյանը պայմանավորեց առաջիկա քայլերի հստակեցման անհրաժեշտությամբ։
«Եթե մարդիկ կհավաքվեն այնքան, որ ակնհայտ կլինի, որ հնարավոր է շարունակել ամենօրյա հավաքները, ուրեմն մենք վաղը, մյուս օրը նույնպես կհավաքվենք, եթե ոչ, երեքշաբթի կհավաքվենք։ Պետք է յուրաքանչյուրը իր ընկերոջ հետ աշխատի, բոլորը պետք է աշխատեն, որպեսզի երեքշաբթի օրը ավելի շատ մարդ հավաքվի, եթե ոչ, նշանակում է, որ մարդիկ այնքան հիասթափված են, որ հավաքվելը, բողոքի ակցիան համարում են ապարդյուն եւ չեն գալիս»,- ասաց մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:
Օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ընդունել է «Նաիրիտ» գործարանի աշխատանքային հանձնաժողովի 5 անդամներին եւ խոստացել առաջիկա երեք ամիսների ընթացքում բավարարել նաիրիտցիների պահանջը։




























