Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստը այսօր՝ հունվարի 23-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց փոքրիկ միջադեպի պատճառով:
Տուժող Արթուր Հակոբյանը «վիժվածք» անվանեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, որն էլ դատարանին միջնորդեց կատարվածի առթիվ քրեական գործ հարուցելու համար դիմել դատախազություն:
Արթուր Հակոբյանը վրդովվեց եւ փաստաբանին նման կերպ դիմեց կնոջ՝ տուժող Նաիրա Հայրապետյանի ճառն ընթերցելու ժամանակ, երբ կինն անդրադարձավ Վարդան Պետրոսյանի հայտարարությանը, որ ինքը պատահածի համար ամբողջությամբ կփոխհատուցի միայն այն ժամանակ, երբ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ասի, որ հետընթաց է կատարել:
«Մի ամբողջ տարի տեւած դատավարությունից հետո միջնորդվեց վեց ու կես տարվա կալանք: Կրելով անդառնալի կորուստ՝ կոչ եմ անում բոլոր վարորդներին ղեկին սթափ վիճակում լինել: Նիկոլայ Բաղդասարյանն ամեն հնարավոր կերպով մեզ նվաստացրեց, ոտնահարեց մեր վիշտը: Մենք նախքան վթարը հաշվել ենք մեր երեխաների հաջողությունները, իսկ հիմա հաշվում են օրերը առանց նրանց: Հատուկ ցանկանում եմ նշել Վարդան Պետրոսյանի անբարոյական հայտարարությունը, այն, որ վնասը կփոխհատուցվի միայն այն դեպքում, եթե «Նիվայի» վարորդը ասի, որ հետընթաց է կատարել: Քանի դեռ վնասի հատուցման թեման փակված չի, մենք շարունակելու ենք բողոքել նաեւ Վերաքննիչ դատարան»,- ասաց Նաիրա Կարապետյանը, որի խոսքն ընդմիջվեց միջադեպով:
Միջադեպի առթիվ քրեական գործ հարուցելու համար դատախազությանը դիմելու՝ փաստաբանի միջնորդությունը դատարանը կքննի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հունվարի 26-ին:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին ռեպլիկներով հանդես եկան նաեւ դատախազը, տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը: Անդրադառնալով պաշտպանական կողմի հայտարարությանը, որ իր ճառն եւ մեղադրանքը նույն բովանդակությունն ունեին, դատախազը նշեց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ երկուսն էլ ինքն է կազմել:
Փաստաբան Ռուբեն Բալոյանը անդրադարձավ Վարդան Պետրոսյանի՝ ալկոհոլ օգտագործած լինելու հավանականությանը՝ նշելով, որ դատարանում այդպես էլ չհարցաքննվեցին «Չէին սպասում» հաղորդման հաղորդավարն ու օպերատորը, որոնք վթարից առաջ եղել էին Վարդան Պետրոսյանի հետ:
«Պաշտպանական կողմն անընդհատ այն հանգամանքն է առաջ քաշում, որ Վարդան Պետրոսյանն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Դուք անընդհատ պնդում եք, թե գտնվել եք սթափ վիճակում: Ինը օր հետո ձեզնից արյուն են վերցրել, դու ի՞նչ եք կարծում, պիտի սպիրտ լինե՞ր: Դուք էս կարգի ապացուցներով փորձում եք պաշտպանվե՞լ: Ամբաստանյալը միայն դատաքննության ընթացքում նշեց, որ «Նիվան» հետընթաց է կատարել»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։




























