«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր խորին ափսոսանքն է հայտնում վերջին օրերին Արցախի տարբեր կազմակերպությունների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ, որոնք ուղղված են հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթի դեմ:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Անհանգստացնող են Արցախի տարբեր քաղաքներում եւ մասնավորապես Բերձորում տեղի ունեցող կոլեկտիվների՝ ավտոերթի դեմ ուղղված ժողովները, որոնք խորհրդային վատագույն ավանդույթներն են հիշեցնում: Անընդունելի է, որ այս արշավի մեջ ընդգրկված են պետական կառույցները, որոշ հասարակական կազմակերպություններ, խորհրդարանական կուսակցությունները:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը թեեւ չի կիսում «Հիմնադիր խորհրդարանի» որոշ գաղափարներ, այնուամենայնիվ, հարկ է համարում հիշեցնել, որ յուրաքանչյուր կազմակերպություն կամ քաղաքացիների խումբ ինքն է ընտրում իր գաղափարների եւ գործունեության մասին իրազեկման ձեւը եւ դրա դեմ բռնանալը Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների խախտում է:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունն այս արշավի հետեւում տեսնում է Սերժ Սարգսյանի՝ բոլորին բոլորի դեմ հանելու քաղաքականությունը եւ կոչ անում արցախյան ուժերին եւ հատկապես նախագահ Բակո Սահակյանին զերծ մնալ համայն հայության առջեւ խայտառակվելու եւ հայության վստահությունը կորցնելու հեռանկարից»:




























