ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը գոհ է ամառային նստաշրջանի ընթացքում կատարած աշխատանքներից եւ իր գործունեությունը գնահատում է արդյունավետ: ԵԱՀԿ-ում հայ պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց:

Ի հակադրություն դրան, ավելորդ համեստությամբ չտառապող պատգամավորը դժգոհեց հայկական լրատվամիջոցների գործունեությունից, որոնք լուսաբանում էին ԵԱՀԿ ամառային նստաշրջանը: «Հայկական լրատվամիջոցները, հիմնվելով ադրբեջանական ապատեղեկատվության վրա, տարածել են հերթական ապատեղեկատվությունը»,- ասաց պատգամավորը՝ ուղիղ լրագրողների երեսին: Հարկ չեմ համարում գրել Արտակ Դավթյանի հետագա խոսքերը, քանի որ դրանք որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում լայն հասարակության համար:

Սակայն ահա նրա հայտարարությունը հայկական լրատվամիջոցների աշխատանքի մասին, հարկ է մեկնաբանել: Հետաքրքիր կլիներ իմանալ պարոն Դավթյանի կարծիքը այն մասին, թե որտեղից պետք է հայկական լրատվամիջոցները հաղորդեին տեղեկատվությունը, եթե նմանատիպ միջոցառումներին մեր խորհրդարանականներն իրենց հետ լրագրողներ չեն տանում: Պատճառը՝ ֆինանսական միջոցների բացակայությունն է: Ազգային ժողովն արդեն քանի տարի է չի կարողանում միջոցներ հայթայթել: Սակայն, խորհրդի կարգով ասեմ, որ բոլոր տեսանկյուններից ավելի արդյունավետ կլիներ, եթե հայկական պատվիրակության հետ գոնե մեկ լրագրող լիներ, քան մեկ ավել պատգամավոր, որը իր ներկայությամբ ոչ մի օգուտ չի բերում խորհրդարանի դիվանագիտությանը: Կամ էլ թե չէ կրճատել հայ պատգամավորների գործուղումները «հույժ կարեւոր» «խորհրդարանական տուսովկաներին» Հայաստանի համար այնպիսի «առաջնային» երկրներում, ինչպիսին են Մոզամբիկն ու Հոնդուրասը:

Իսկ հիմա կոնկրետ այս  դեպքի առնչությամբ ասեմ, որ ո՞րտեղից հայկական լրատվամիջոցները տեղեկատվություն պետք է հայթայթեին, եթե ոչ հենց այդ գործուղված պատգամավորներից: Թվում է, թե 21-րդ դարում, երբ բոլորն ունեն բջջային հեռախոսներ, պետք է դժվար չլիներ գտնել համապատասխան տեղեկատվությունը, սակայն ոչ մեր պատգամավորների դեպքում, որոնց հեռախոսները Օսլոյում գտնված ժամանակահատվածում մշտապես անջատված են:

Իսկ միեւնույն ժամանակաշրջանում ադրբեջանական լրատվամիջոցները տարածում էին ԵԱՀԿ ամառային նստաաշրջանի մասին բազմատեսակ տեղեկատվություններ, որոնք հայկական կողմից մեկնաբանությունների խիստ կարիքն ունեին: Հայ լրագրողները շատ համբերատար են: Նրանք շարունակում էին զանգել պատվիրակության անդամներին՝ մեկնաբանություն ստանալու համար, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք վերադարձել էին Երեւան, սակայն նույնիսկ այստեղ նրանք «անհասանելի էին»: Եւ եթե չլիներ Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի օպերատիվ միջամտությունը, ապա ԵԱՀԿ ամառային նստաշրջանում ստեղծված իրավիճակը հայ հասարակության համար կշարունակեր շղարշով պատված մնալ մինչ օրս: Այսօր արդեն հուլիսի 14-ն է, իսկ  ԵԱՀԿ նստաշրջանն ավարտվել է ամսի 10-ին, Ադրբեջանը վաղուց տարածել է իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, աշխարհը արդեն մարսել է այդ տեղեկատվությունը եւ ԵԱՀԿ նստաշրջանի նկատմամբ եղած հետաքրքրությունն արդեն անցել է: Այնպես որ ուշ է արդեն, պարոնա՛յք:

 

Հ.Գ. Իսկ վերջում մասնագիտական խորհուրդ. մամուլի ասուլիս պետք է տալ գոնե գործուղումից վերադառնալու հաջորդ օրը, այլապես դրա իմաստն ամբողջությամբ կորում է: