Եվրախորհրդի կամ միջազգային այլ կառույցների անհավասարակշիռ քայլերը (զեկույցներն ու հայտարարությունները) կարող են վտանգել ղարաբաղյան հակամարտության գոտում խոցելի խաղաղությունը, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականի կեսերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

«ԵԽԽՎ-ի պատվիրակներին ուղղված մեր հիմնական հարցը հետեւյալն է. ինչո՞ւ Ադրբեջանի նման բռնատիրական երկրի իշխանությունների չմտածված եւ արկածախնդիր քաղաքականության համար պետք է երիտասարդներն իրենց կյանքով հատուցեն: Եվ կարեւոր չէ, դրանք հայ, թե՞ ադրբեջանցի երիտասարդներ են: Մեր երիտասարդները պաշտպանում են մեր հայրենիքը, մեր ժողովրդի ազատությունը, իսկ ի՞նչ են պաշտպանում կամ ինչի՞ համար են զոհվում ադրբեջանցի երիտասարդները»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նա նաեւ հավելեց, որ բրիտանացի խորհրդարանական Քրիստոֆեր Չոպն իր եզրափակիչ ելույթում նաեւ խոսեց այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող ներկա իրավիճակը մտահոգության տեղիք է տալիս: «Եվ հարկավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շրջանակում ավելի ակտիվ քաղաքականություն վարել՝ սահմանին գրանցվող միջադեպերի հետաքննության եւ ընդհանրապես հակամարտության կարգավորման տեսանկյունից: Բացի այդ, նա հույս հայտնեց, որ ԵԽ-ն նույնպես որեւէ ներդրում կունենա խաղաղության հաստատման գործում»,- նշեց Նաղդալյանը:

Հայ պատվիրակներն իրենց ելույթներում, ըստ պատգամավորի, ԵԽԽՎ-ի իրենց գործընկերներին նույնպես կոչ են արել առավելագույնս զգուշորեն վերաբերվել Լեռնային Ղարաբաղի զգայուն խնդրին:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 26-ին եւ տեւելու է մինչեւ հունվարի 30-ը: