«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի՝ առանձնացված մասով ընթացող դատավարությանը փորձագետը հայտարարել է, որ ամբաստանյալին հարկադիր բուժում է հարկավոր:

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 30-ին կայացած դատական նիստի ժամանակ փորձագետը հայտնել է, որ Քյարամի հիվանդությունը խորանալու միտում ունի:

«Փորձագետի խոսքով՝ Քյարամի հիվանդությունը խրոնիկ բնույթ է կրում եւ նրան անպայման հարկադիր բուժման պետք է ուղարկել: Հիմա սպասում ենք դատավարության ընթացքին՝ հասկանալու համար, թե դատարանն ինչ որոշում կկայացնի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

Նշենք, որ ավելի քան 8 ամիս Քյարամ Ամոյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: 2014թ.-ի մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը: Նոյեմբերի 10-ին քննությունը վերսկսվել է:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: