ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված «Հիմնադիր Խորհրդարանի» կազմակերպած ավտոշարասյան անդամներին դաժան ծեծի ենթարկելու փաստի հետ:

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է.

«ԼՂՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն  շրջանակներում  եւ նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։  

Հաշվի առնելով նշված հանգամանքները եւ հասարակական կարգի հնարավոր խախտումները՝  ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։

Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների եւ շարունակել սադրանքները նաեւ ոստիկանության նախազգուշացումներից հետո։ 

Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:  Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:

Նշված միջադեպի մասին ԼՂՀ ոստիկանությունն առաջիկայում եւս կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ: