ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, «հավասարաչափ սիրում է» եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:
Քլինթոնն ու Բայդենը համարվում են 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուները, թեեւ նրանք դեռ նման մտադրության մասին չեն հայտնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օբամայի հարցազրույցի ավարտին լրագրողը բլից-հարցում է անցկացրել նրա հետ, որտեղ Սպիտակ Տան ղեկավարը պետք է առանց մտածելու պատասխանել հարցերին, որոնք վերաբերել են սպորտային թեմաների: Սակայն ամենավերջին հարցը եղել է այսպիսին. «Հիլարի Քլինթոն, թե Ջոզեֆ Բայդեն»: Օբաման պատասխանել է. «Սիրում եմ նրանց երկուսին էլ, չկարողացաք ինձ բռնացնել»:





























