Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին իր երկրի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ: «Հյուսիսի իմպերիալիստական իշխանությունն այժմ գտնվում է հուսահատության վտանգավոր փուլում: Նրանք (ԱՄՆ-ն) արդեն պայմանավորվածության են եկել մայրցամաքի երկրների իշխանությունների հետ, որպեսզի հայտարարեն իմ կառավարության տապալման մասին: Այս ամենի մեջ ես մեղադրում եմ փոխնախագահ Բայդենին», - մեջբերում է Մադուրոյի խոսքերը Ultimas Noticias պորտալը:
Մադուրոյի խոսքով՝ Բայդենն անձամբ է բանակցություններ վարել այլ երկրների նախագահների եւ վարչապետերի հետ: Միեւնույն ժամանակ Վենեսուելայի առաջնորդը նշել է, որ երկրի բանակն ավելի ուժեղ է, քան աջակողմյան ուժերի կողմից դավադրության ցանկացած փորձ: Մադուրոն զինվորականներին կոչ է արել պատրաստ լինել իրադրության ցանկացած զարգացման, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
«Եթե նրանք փորձեն գնալ այդ ճանապարհով, ապա կհանդիպեն ժողովրդի դիմադրությանը, որը պատրաստ է պաշտպանել սահմանադրությունն ու խաղաղ կյանքը: Սակայն եթե նրանք չընտրեն այդ ճանապարհը, ազգային ընտրական կոմիտեի կողմից նշանակված ամսին, ինչպես տեղի է ունենում ամեն անգամ եւ ինչը միակ ընդունելի տարբերակն է, մենք կնախապատրաստվենք, նորից կգնանք ընտրատեղամասեր եւ կրկին կհաղթենք: Դրանում ես չեմ կասկածում», - նշում է Վենեսուելայի նախագահը:





























