Բերձորում հունվարի 31-ի ծեծի ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամները արդեն ապաքինվում են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ծեծի ենթարկված «Նոյան Տապան»-ի լրագրողը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում», վիճակը նորմալ է: Կարգավորվում է նաեւ Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող Մխիթար Ավետիսյանի վիճակը, նրա մոտ կասկածում էին փայծաղի վնասվածք, ներքին արյունահոսություն, բայց, բարեբախտաբար, դա հերքվել է: Լավ է նաեւ Քերոբ Ղազարյանի առողջական վիճակը, որն արդեն դուրս է գրվել:
Անդրադառնալով ԼՂՀ ոստիկանության տարածած հայտարարությանը՝ Վարուժան Ավետիսյանը դա բնութագրեց «կեւորկովյան մեթոդաբանությամբ, սովետական ԿԳԲ-ի ոճով գրված անհեթեթ հայտարարություն, կեղծիք, սուտ, հայհոյանք»: Նա նշեց, որ դա միասնաբար ծրագրված եւ իրականացված օպերացիա է, որոշումը կայացվել է ռեժիմի երեւանյան եւ ստեփանակերտյան գլխավոր ուժերի ներկայացուցիչների մակարդակով: «Իրենք շատ ավելի նախածախնդիր կերպով պահպանում են տարածքը, որջ են ձեւավորել, ճամբարային վիճակ են ստեղծել, ելման կետը դա է»,-ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամը: Տեղի ունեցած միջադեպի մասով նրանք որեւէ մեկին չեն դիմելու՝ «ո՞ւմ դիմենք, ի՞նչ իմաստ կա»:
Կգնան նորից «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Արցախ, թե ոչ, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ նպատակը, որ հետապնդում էին՝ իրազեկումը, տասնապատիկ անգամ տեղի է ունեցել, հնարավոր է որոշ ժամանակ հետո նորից կազմակերպեն երթը:
Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» փոխանցմամբ՝ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: Ըստ այդմ, վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հարձակումից հետո հիվանդանոց են տեղափոխվել մի քանի անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:
ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում»։
«Հիմնադիր խորհրդարանը» Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու:




























