Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանին սպանության գործով ձերբակալված 4 անձինք երեկ՝ փետրվարի 1-ին, կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ի աղբյուրները:
Կալանավորվել են նրա համածառայակիցները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թեւոսյանը եւ Նորիկ Սահակյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։
Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թեւոսյանը եւ Նորիկ Սահակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երեւան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։
Քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։





























